Tt «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» <br /> փակ բաժնետիրական ընկերություն<br /> Կանոնադրություն<br /> -Ahak-center.com
ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿ
Պատսխանատու
Արմենուհի Մովսեսյան,
կազմ մեթոդ բաժնի վարիչ
mpcavanclinic@mail.ru, 091529052

«Ավան» հոգեկան առողջության կենտրոն»
փակ բաժնետիրական ընկերություն
Կանոնադրություն

1.1. «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) համարվում է շահույթ ստանալու նպատակ հետապնդող առևտրային կազմակերպություն՝ պետական բաժնետիրական ընկերություն, որի կանոնադրական կապիտալը բաժանված է ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսերի:
Ընկերության հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինն է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ՝ Լիազորված մարմին):
Ընկերությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասին» թիվ 1390-Ա որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության (գրանցված է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից 26.03.2004թ., գրանցման թիվ՝ 222.120.00278, հարկ վճարողի հաշվառման համար՝ 00441277) բաժանման ճանապարհով վերակազմակերպման արդյունքում և հանդիսանում է նրա իրավահաջորդը՝ բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:
1.2 Ընկերության իրավունակությունը ծագում է նրա պետական գրանցման պահից և դադարում է լուծարման ավարտի պահից:
1.3 Ընկերության գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք), «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ (այսուհետ՝ Օրենք), սույն կանոնադրությամբ, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են բաժնետիրական ընկերությունների գործունեությունը կարգավորող այլ նորմեր, քան բովանդակում է սույն կանոնադրությունը, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
1.4 Բաժնետիրոջ (լիազորված մարմնի) և Ընկերության միջև հարաբերությունները կարգավորվում են օրենքով և սույն կանոնադրությամբ:
1.5 Ընկերությունն իր պարտականությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով: Ընկերությունը պատասխանատու չէ բաժնետիրոջ պարտավորությունների համար:
Ընկերության բաժնետերերը Ընկերության պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում և իրենց պատկանող բաժնետոմսերի արժեքի սահմաններում կրում են Ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը:
Պետությունը և համայնքները պատասխանատվություն չեն կրում Ընկերության պարտավորությունների համար: Ընկերությունը իր հերթին պատասխանատվություն չի կրում պետության և համայնքների պարտավորությունների համար:
1.6 Ընկերության ֆիրմային անվանումն է՝
հայերեն լրիվ՝ «ԱՎԱՆ» ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
կրճատ՝ «ԱՎԱՆ» ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ
ռուսերեն լրիվ՝ ЗАКРЫТОЕ АКЦИОНЕРНОЕ ОБЩЕСТВО «ЦЕНТР ПСИХИЧЕСКОГО ЗДОРОВЬЯ «АВАН»
կրճատ՝ ЗАО «ЦЕНТР ПСИХИЧЕСКОГО ЗДОРОВЬЯ «АВАН»
անգլերեն լրիվ՝ CLOSED JOINT STOCK COMPANY OF “CENTRE OF PSYCHICAL HEALTH “AVAN”
կրճատ՝ CJSC “CENTRE OF PSYCHICAL HEALTH “AVAN”
1.7 Ընկերության գտնվելու վայրը և իրավաբանական (փոստային) հասցեն է՝ 0040, ՀՀ, ք. Երևան, Աճառյան փող., 1-ին նրբ., թիվ 21:

2.Ընկերության գործունեության առարկան ու նպատակը

2.1 Ընկերության ստեղծման նպատակն է տնտեսական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը:
2.2 Ընկերության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հիմնական տեսակն է՝
-Բժշկական օգնության և սպասարկման իրականացում:
2.3 Լիազորված մարմնի համաձայնությամբ Ընկերությունը կարող է իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ցանկացած այլ գործունեություն, որը հարակից է առողջապահությանը և նպաստում է նրա զարգացմանը:
2.4 Օրենքով սահմանված գործունեության առանձին տեսակներով Ընկերությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:

3. Ընկերության իրավական վիճակը, իրավունքներն ու պարտականությունները

3.1 Ընկերությունը առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ է:
Ընկերությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
Ընկերությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, օրենքով սահմանված կարգով բացված բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում, ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ արտարժույթով:
3.2 Ընկերությունը կարող է ունենալ դրոշմներ և ձևաթղթեր, ինչպես նաև խորհրդանիշ, օրենքով սահմանված կարգով գրանցված ապրանքային, առևտրային և այլ նշաններ ու անհատականացնող այլ միջոցներ:
3.3 Ընկերությունը իրավունք չունի անցկացնել իր թողարկած բաժնետոմսերի բաց բաժանորդագրության կամ այլ կերպ առաջարկել ձեռք բերել դրանք անսահմանափակ թվով անձանց:
3.4 Ընկերությունն իրավունք ունի ունենալ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող դուստր և կախյալ տնտեսական ընկերություններ:
Օտարերկրյա պետություններում դուստր կամ կախյալ ընկերությունների հիմնադրումը կամ դրանցում մասնակցությունը կատարվում է դրանց գտնվելու վայրի երկրի օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
3.5. Ընկերությունն իրավունք ունի սույն կանոնադրության դրույթների, Օրենսգրքի, Օրենքի և այլ իրավական ակտերի համաձայն ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ և (մասնաճյուղեր և ներկայացուցչություններ), ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ այլ պետությունների տարածքում:
Կառավարչական, սոցիալ-մշակութային, կրթական կամ ոչ առևտրային բնույթի այլ գործունեություն իրականացնելու համար Ընկերություն կարող է ստեղծել հիմնարկ:
Ընկերության առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները իրավաբանական անձինք չեն և գործում են Ընկերության հաստատած կանոնադրությունների հիման վրա, իսկ ղեկավարները գործում են Ընկերության լիազորագրերի հիման վրա:
3.6 Ընկերությունն իրավունք ունի՝
• Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բոլոր ձևերով ձերք բերել գույք, այդ թվում՝ արժեթղթեր, տիրապետել, օգտագործել ու տնօրինել դրանք և դրանցից ստացված եկամուտը կամ այլ օգտակար արդյունքը,
• Ինքնուրույն պայմանավորել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում՝ փոխառու միջոցների ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում ստանալ բանկային և առևտրային վարկեր, այդ թվում՝ արտարժույթով,
• Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր անունից թողարկել և տարածել արժեթղթեր,
• Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել պայմանագրեր և կրել պարտավորություններ,
• Ինքնուրույն ընտրել իր արտաքին տնտեսական գործունեության վարման կարգը, այն իրականացնել անմիջականորեն, առանց միջնորդի կամ այլ կազմակերպության միջոցով՝ նրա հետ մտնելով պայմանագրային հարաբերությունների մեջ,
• Ունենալ միջոցներ արտարժույթով: Օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցներով ձեռք բերել (այդ թվում՝ ստանալ որպես արտաքին տնտեսական գործունեության արդյունք) արտարժույթով միջոցներ և ինքնուրույն տնօրինել, այդ թվում՝ վաճառել պետությանը, իրավաբանական անձանց և (կամ) քաղաքացիներին,
• Օրենսդրությամբ սահմանված կարգով արտահանել և ներմուծել գույքի օբյեկտներ, ծառայություններ մատուցել և աշխատանքներ կատարել օտարերկրյա իրավաբանական անձանց և (կամ) ձեռնարկությունների և քաղաքացիների համար, օգտվել նրանց կատարած աշխատանքներից և մատուցած ծառայություններից, այլ պետություններում նրանց օրենսդրությանը համապատասխան իրականացնել ներդրումներ, ստեղծել իրավաբանական անձինք և (կամ) ձեռնարկություններ և անդամակցել իրավաբանական անձանց և (կամ) ձեռնարկությունների,
• Ինքնուրույն պլանավորել իր գործունեությունը, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ծավալը, գները, իրենց մատակարարներին,
• Ձեռք բերել իր կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի մի մասը,
• Օգտվել օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:

3.7 Ընկերությունը պարտավոր է.
• Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություն,
• Օրենքով նախատեսված դեպքերում ամեն տարի հրապարակել իր տարեկան հաշվետվությունը և հաշվապահական հաշվեկշիռը,
• Աշխատանքային պայմանագրեր կնքել Ընկերության աշխատակիցների հետ,
• Ապահովել Ընկերության փաստաթղթերի (Ընկերության պետական գրանցման վկայականի, կանոնադրության, կանոնադրությունում կատարված լրացումների և փոփոխությունների, կանոնադրության նոր խմբագրության, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հաստատող փաստաթղթերի, Ընկերության ներքին փաստաթղթերի, առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների կանոնադրությունների, տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվառման փաստաթղթերի, կառավարման մարմինների նիստերի արձանագրությունների, կնքած պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթերի) պահպանումը իր գտնվելու վայրում,
• Անհապաղ տեղեկություններ հրապարակել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի կամ բաժնետիրական ընկերության քվեարկող բաժնետոմսերի ավելի քան քսան տոկոսը ձեռք բերելու մասին,
• Կրել օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորություններ:

4. Ընկերության կանոնադրական կապիտալ

4.1 Կանոնադրական կապիտալը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը:
4.2 Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 186,161,503.5 (հարյուր ութսունվեց միլիոն հարյուր վաթսունմեկ հազար հինգ հարյուր երեք ամբողջ հինգ տասնորդական) դրամ, որը կազմում է 69,610 հատ հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 2,674.35 դրամ:
Ընկերության կողմից թողարկված բոլոր 69,610 բաժնետոմսերը տեղաբաշխված են, սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետությանը և լրիվ վճարված են նրա կողմից:
Ընկերության բոլոր բաժնետոմսերը հասարակ (սովորական) են:
4.3 Ընկերությունը կարող է կանոնադրական կապիտալի չափը փոխել բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ:
Ընկերության կանոնադրական կապիտալի չափը կարող է ավելացվել Ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացմամբ կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխմամբ, եթե նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերը լրիվ իրացված և վճարված են:
Եթե նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի արժեքի գումարը լրիվ վճարված չէ, ապա Ընկերությունն իր կանոնադրական կապիտալը չի կարող ավելացնել ֆինանսական միջոցների ներգրավման հաշվին:
Ընկերությունը չի կարող բաժնետոմսեր թողարկել իր տնտեսական գործունեությամբ առաջացած վնասները ծածկելու համար:
Ընկերությունն իր ամենամյա գործունեության ֆինանսական արդյունքներն ամփոփելուց հետո կարող է տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով ավելացնել կանոնադրական կապիտալը՝ իրեն պատկանող կանոնադրական կապիտալի և պահուստային կապիտալի գումարը գերազանցող գույքը (զուտ ակտիվները) կամ դրա մասը փոխանցելով կանոնադրական կապիտալ:
Ընկերության կանոնադրական կապիտալի չափի նվազեցումը կարող է կատարվել բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ կամ բաժնետոմսերի ընդհանուր քանակի պակասեցմամբ, այդ թվում Օրենքով նախատեսված դեպքերում դրանց մի մասի ձեռքբերմամբ և մարմամբ:
Ընկերության կանոնադրական կապիտալը թույլատրվում է նվազեցնել Օրենքով սահմանված կարգով՝ բոլոր պարտատերերին գրավոր տեղեկացնելով: Այդ դեպքում ընկերության պարտատերերն իրավունք ունեն պահանջել պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ, պարտավորությունների դադարեցում կամ վաղաժամկետ կատարում, ինչպես նաև վնասների հատուցում:
Ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման և Ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին որոշումներն ընդունվում են Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից կամ Լիազորված մարմնի որոշմամբ՝ միայն Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման առկայության դեպքում:
Ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման պատճառով բաժնետիրոջ վճարումները կատարվում են Ընկերության կանոնադրության փոփոխությունների պետական գրանցումից հետո:

5 Բաժնետոմսեր և այլ արժեթղթեր

5.1 Ընկերությունը կարող է թողարկել և տեղաբաշխել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված արժեթղթեր:
5.2 Ընկերությունն իրավունք ունի թողարկել և տեղաբաշխել միայն ոչ փաստաթղթային ձևի հասարակ (սովորական) անվանական բաժնետոմսեր:
Ընկերության կողմից թողարկված հասարակ (սովորական) բաժնետոմսերի անվանական արժեքը պետք է լինի միևնույնը:
5.3 Ընկերության բաժնետոմսերը տեղաբաշխվում են Ընկերության բաժնետերերի ռեեստրում բաժնետիրոջ անձնական հաշվում գրանցման տեսքով:
5.4 Բաժնետոմսն անբաժանելի է:
5.5 Ընկերության լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերը պետք է վճարվեն դրանց տեղաբաշխման մասին որոշմամբ սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան դրանց տեղաբաշխման պահից 1 տարվա ընթացքում:
Ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի դիմաց վճարումը կարող է իրականացվել դրամով, արժեթղթերով, այլ գույքով կամ գույքային իրավունքներով, ինչպես նաև դրամական գնահատում ունեցող այլ իրավունքներով:
Ընկերության բաժնետոմսերը և այլ արժեթղթերը, որոնց դիմաց վճարումը նախատեսված է ոչ դրամական միջոցներով, դրանց ձեռքբերման ժամանակ վճարում են լրիվ արժեքով:
Ինչպես Ընկերության հիմնադրման, այնպես էլ բաժնետոմսերի լրացուցիչ տեղաբաշխման ժամանակ բաժնետոմսերի դիմաց վճարվող գույքի դրամական գնահատականը սահմանվում է պետական կառավարման լիազորված մարմնի կողմից և ենթակա է գնահատման անկախ գնահատողի կողմից:
Ընկերության տրամադրության տակ փոխանցված բաժնետոմսերը (չվճարված կամ հետ վերադարձված) չեն տալիս ձայնի իրավունք, հաշվի չեն առնվում ձայների հաշվարկման ժամանակ, այդ բաժնետոմսերով շահութաբաժիններ չեն հաշվարկվում: Այդ բաժնետոմսերը պետք է իրացվեն Ընկերության կողմից՝ դրանք Ընկերությանը փոխանցելու պահից մեկ տարվա ժամկետում: Հակառակ դեպքում՝ Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը պետք է որոշում ընդունի նշված բաժնետոմսերի մարման ճանապարհով Ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխման մասին:
5.6 Ընկերությունն ունի պահուստային հիմնադրամ՝ ոչ պակաս կանոնադրական կապիտալի 15 տոկոսից:
Եթե պահուստային հիմնադրամը կազմում է Ընկերության կանոնադրության սահմանվածից ավելի փոքր մեծություն, հատկացումներն այդ կապիտալին կատարվում են շահույթից՝ առնվազն 5 տոկոսի չափով, ինչպես նաև Ընկերության նոր արժեթղթերի թողարկման արժեքի և դրանց անվանական արժեքի միջև եղած տարբերությունից ստացվող միջոցներից:
Պահուստային հիմնադրամն օգտագործվում է Ընկերության կորուստները ծածկելու, ինչպես նաև Ընկերության պարտատոմսերը մարելու և Ընկերության բաժնետոմսերը հետ գնելու համար, եթե Ընկերության շահույթը և այլ միջոցները այդ նպատակին չեն բավարարում:
Պահուստային հիմնադրամը չի կարող օգտագործվել այլ նպատակների համար (բացի օրենքով սահմանված դեպքերից):
5.7 Բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ Ընկերությունը կարող է ստեղծել նաև սպառման, կուտակման, սոցիալական զարգացման և այլ կապիտալներ:
5.8 Ընկերության զուտ ակտիվների արժեքը գնահատվում է հաշվապահական հաշվեկշռի կամ աուդիտորական վերստուգման տվյալներով՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
Եթե Ընկերության գոյության երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո պարզվի, որ Ընկերության զուտ ակտիվների արժեքն Ընկերության կանոնադրական կապիտալից փոքր է, ապա Ընկերությունը պարտավոր է հայտարարել և սահմանված կարգով գրանցել իր կանոնադրական կապիտալի չափի նվազեցումը:
Եթե սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում Ընկերության կանոնադրական կապիտալի չափի նվազեցման կամ Ընկերության լուծարման մասին որոշում չի ընդունվել, ապա Ընկերության բաժնետերեր, պարտատերերը, ինչպես նաև պետության կողմից լիազորված մարմիններն իրավունք ունեն պահանջել Ընկերության լուծարումը դատական կարգով:

6. Հիմնադրի իրավունքները և պարտականությունները

6.1 Ընկերության յուրաքանչյուր հասարակ (սովորական) բաժնետոմս տալիս է իր սեփականատեր հանդիսացող բաժնետիրոջը միևնույն իրավունքներ:
Հասարակ (սովորական) բաժնետոմսի սեփականատեր հանդիսացող բաժնետերը իրավունք ունի՝
• Մասնակցել ընկերության կառավարմանը,
• Ստանալ շահութաբաժիններ Ընկերության գործունեությունից առաջացած շահույթից,
• Ստանալ Ընկերության գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն՝ բացի գաղտնի փաստաթղթերից, այդ թվում՝ ծանոթանալ հաշվապահական հաշվեկշռին, հաշվետվություններին, հաշվապահական գրքերին, Ընկերության արտադրատնտեսական գործունեությանը,
• Պահանջել փորձագետ կամ փորձագետների խումբ՝ Ընկերության գործունեությանը վերաբերող հաշվետվությունները և գաղտնիք ներկայացնող փաստաթղթերը ստուգելու նպատակով: Ստուգման հետ կապված ծախսերը փոխհատուցում են ստուգում պահանջող բաժնետերերը,
• Ընկերության ընդհանուր ժողովներում իր իրավունքները ներկայացնելու համար լիազորել երրորդ անձի,
• Ընկերության լուծարման դեպքում ստանալ պարտատերերի հետ կատարված հաշվարկներից հետո մնացած Ընկերության գույքի իր հասանելիք մասը կամ դրա արժեքը,
• Առաջնահերթ կարգով ձեռք բերել Ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերը, եթե օրենքով և Ընկերության կանոնադրությամբ այլ բան չի նախատեսված,
• Օրենսդրությամբ սահմանված կարգով օտարել կամ այլ ձևով այլ անձանց փոխանցել իր սեփականությունը հանդիսացող բաժնետոմսը,
• Օգտվել օրենքով և Ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներից:

6.2 Բաժնետերը պարտավոր է չհրապարակել Ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնիք ներկայացնող տեղեկություններ:
6.3 Բաժնետերը 6.1 կետով սահմանված իր իրավունքներն իրականացնում է Լիազորված մարմնի միջոցով, բացի օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված դեպքերի:

7. Ընկերության շահութաբաժինների վճարման կարգը

7.1 Ընկերությունն իրավունք ունի որոշում ընդունել (հայտարարել) տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց միջանկյալ (եռամսյակային, կիսամյակային) և (կամ) տարեկան շահութաբաժինների վճարման մասին:
Շահութաբաժինները վճարվում են Ընկերության զուտ շահույթից (կուտակված շահույթից):
Ինչպես տարեկան, այնպես էլ միջանկյալ շահութաբաժինների վճարման, շահութաբաժինի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումն ընդունվում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից կամ Լիազորված մարմնի որոշմամբ՝ Լիազորված մարմնի կողմից սահմանված կարգի համաձայն:
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում ընդունել շահութաբաժիններ չվճարելու կամ ոչ լրիվ չափով վճարելու մասին: Այդ որոշումների գործողության ժամկետը սահմանվում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից, բայց չի կարող մեկ տարուց ավելի լինել:
Շահութաբաժինների վճարման ամսաթիվը սահմանվում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի շահութաբաժիններ վճարելու մասին որոշմամբ:
7.2 Ընկերությունն իրավունք չունի շահութաբաժիններ հայտարարել և վճարել, եթե՝
• Լրիվ չի վճարել Ընկերության կանոնադրական կապիտալը,
• Շահութաբաժիններ վճարելու որոշումն ընդունելու պահի դրությամբ Ընկերության տնտեսական վիճակը համապատասխանում է օրենքով սահմանված անվճարունակության (սնանկացման) հատկանիշներին, կամ նշված հատկանիշները ի հայտ կգան շահութաբաժինների վճարման հետևանքով,
• Ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է Ընկերության կանոնադրական կապիտալից, կամ կպակասի շահութաբաժինների վճարման հետևանքով:

8. Ընկերության կառավարման մարմինները

8.1. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն Ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է:
Ընկերությունը պարտավոր է ամեն տարի գումարել բաժնետերերի ընդհանուր ժողով՝ բաժնետերերի տարեկան ժողով:
Ընկերության բաժնետերերի տարեկան ժողովը գումարվում է հերթական ֆինանսական տարվա ավարտից 2 ամիս հետո 4 ամսվա ընթացքում:
Բաժնետերերի տարեկան ժողովից բացի գումարվող Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովները համարվում են արտահերթ: Ընկերության արտահերթ ժողովներ գումարվում են անհետաձգելի հարցերի քննարկման համար:
Ընկերության բաժնետերերի ինչպես տարեկան, այնպես էլ արտահերթ ընդհանուր ժողովները գումարվում են Լիազորված մարմնի կողմից (բացառությամբ Օրենքի 74-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերի), որ որոշում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման ամսաթիվը, տեղը և ժամանակը, Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի օրակարգը:
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովներում նախագահում է Լիազորված մարմնի նշանակված անձը:
8.2 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանն են պատկանում՝
1. Ընկերության կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումն, Ընկերության կանոնադրության հաստատումը նոր խմբագրությամբ,
2. Ընկերության վերակազմակերպումը,
3. Ընկերության լուծարումը,
4. Լուծարային հանձնաժողովի նշանակումը, ամփոփ, միջանկյալ և լուծարային հաշվեկշիռների հաստատումը,
5. Ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը,
6. Հայտարարված բաժնետոմսերի ծավալի առավելագույն չափի սահմանումը,
7. Բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման ճանապարհով Ընկերության կանոնադրական կապիտալի չափի ավելացումը,
8. Բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման, բաժնետոմսերի հետ գնման և մարման միջոցով Ընկերության կանոնադրական կապիտալի չափի նվազեցումը,
9. Բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացումը (տարանջատումը) և մեծացումը (համախմբումը),
10. Ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերումը և հետգնումը,
11. Ընկերության պահուստային հիմնադրամի օգտագործումը.
12. Ընկերության վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) ընտրությունը և նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը,
13. Ընկերության աուդիտն իրականացնող անձի հաստատումը,
14. Ընկերության տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների և վնասների հաշվի, շահույթների և վնասների բաշխման հաստատումը, շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունումը և շահութաբաժինների չափի հաստատումը,
15. Ընկերության գույքի շուկայական արժեքի որոշումը,
16. Օտարման և ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքումը, այդ թվում այլ կազմակերպություններին մասնակցելը,
17. Ընկերության գործադիր մարմնի ձևավորումը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, տնօրենի վարձատրության և ծախսերի փոխհատուցումների վճարման կարգը և պայմանները,
18. Ընկերության կառավարման մարմինների գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը.
19. Ղեկավար պաշտոնատար անձանց, աուդիտն իրականացնող անձի աշխատանքի վարձատրության պայմանների որոշում.
20. Ընկերության վարչակազմակերպական կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատում.
21. Ընկերության կողմից դուստր ընկերությունների ստեղծումը, դուստր և կախյալ ընկերություններում մասնակցությունը.
22. Ընկերության առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծումը, գործունեության դադարեցումը, դրանց կանոնադրությունների հաստատումը.
23. Այլ կազմակերպություններին մասնակցելը.
24. Այլ հարցեր, որոնք սահմանված են որպես բաժնետերերի ընդհանուր ժողովի կամ Ընկերության տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) իրավասության հարցեր:

8.3 Սույն կանոնադրության 8.2 կետի 2,5,9,10,14,16,17,18,19,21,22 և 23 ենթակետերով նախատեսված դեպքերում որոշումներն ընդունվում են բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից տնօրենի ներկայացմամբ:
8.4 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են ժողովին մասնակցող ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների պարզ մեծամասնությամբ, բացի 8.5 կետում սահմանված դեպքերից:
8.5 Սույն կանոնադրության 8.2 կետի 1,2,4,6,16, ենթակետերով սահմանված հարցերի մասին որոշումներն ընդունվում են Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ժողովին մասնակցող ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների երեք քառորդով:
8.6 8.2 կետի 11-րդ ենթակետով սահմանված հարցերի վերաբերյալ Ընկերության որոշումներն ընդունվում են Լիազորված մամնի կողմից սահմանված կարգի համաձայն:
8.7 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումները (բացի 8.2. կետի 11-րդ ենթակետով սահմանված հարցերի վերաբերյալ որոշումներից) կարող են ընդունվել առանց ժողովի գումարման՝ հեռակա կարգով քվեարկությամբ (Լիազորված մարմնին հարցման միջոցով) կամ Լիազորված մարմնի որոշմամբ:
8.8 Սույն կանոնադրության 8.2. կետի 2,3, և 8 ենթակետերով սահմանված հարցերի վերաբերյալ Ընկերության բաժնետերերի ընդհանուր որոշումներն ընդունվում են (այդ թվում՝ լիազորված մարմնի որոշումները) միայն Հայատանի Հանրապետության Կառավարության համապատասխան որոշման առկայության դեպքում:
8.9 Սույն կանոնադրության 8.2 կետի 2-րդ ենթակետով սահմանված հարցերի վերաբերյալ Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են սույն կանոնադրության 11.1. կետում սահմանված կարգով:
8.10. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեն Ընկերության Լիազորված մարմինը կամ նրա կողմից լիազորված անձը՝ Լիազորված մարմնի կողմից սահմանված լիազորությունների շրջանակներում, Ընկերության տնօրենը, ինչպես նաև վերստուգող հանձնաժողովի անդամները և աուդիտն իրականացնող անձը:
Ընկերության տնօրենը, ինչպես նաև վերստուգող հանձնաժողովի անդամները և աուդիտն իրականացնող անձը Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով:
8.11 Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը՝ Ընկերության տնօրենը:
Տնօրենը լուծում է բոլոր հարցերը, բացի Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանը վերաբերող հարցերից: Տնօրենը կազմակերպում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումների կատարումը, հաշվետու է նրան և իրավունք չունի Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի համար պարտադիր որոշումներ կայացնելու:
Ընկերության տնօրենը պերք է գործի բարեխղճորեն և ողջամիտ՝ ի շահ իր կողմից ներկայացվող Ընկերության: Նա պարտավոր է Ընկերության բաժնետիրոջ պահանջով հատուցել իր կողմից Ընկերությանը պատճառած վնասները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Ընկերության տնօրենը՝
1. Տնօրինում է Ընկերության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կատարում Ընկերության անունից.
2. Ներկայացնում է Ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում.
3. Գործում է առանց լիազորագրի.
4. Տալիս է լիազորագրեր.
5. Սահմանված կարգով կնքում է պայմանագրեր այդ թվում՝ աշխատանքային.
6. Բանկերում բացում է Ընկերության հաշվարկային (այդ թվում արտարժույթային) և այլ հաշիվներ.
7. Իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
8. Սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Ընկերության աշխատակիցներին.
9. Աշխատակցի նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ Ընկերության գործադիր մարմնի լիազորությունները պայմանագրով կարող են տրվել այլ առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ (կառավարչի):
Տնօրենի, կառավարող կազմակեպության կամ կառավարչի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Օրենքով, այլ իրավական ակտերով և Ընկերության ու նրանցից յուրաքանչյուրի հետ կնքված պայմանագրերով: Ընկերության անունից պայմանագիրը ստորագրում է Լիազորված մարմնի կողմից լիազորված անձը:
Այն հարցերը, որոնք օրենքով կամ սույն կանոնադրությամբ չեն սահմանվել, որպես ընդհանուր ժողովի և տնօրենների խորհրդի իրավասությանը պատկանող, պատկանում են գործադիր մարմնի իրավասությանը:
Տնօրենը կարող է այլ կազմակերպություններում վճարովի պաշտոններ զբաղեցնել միայն Լիազորված մարմնի համաձայնությամբ:

9.Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը

9.1 Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումն իրականացնելու համար Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն ընտրում է Ընկերության վերստուգող հանձնաժողով:
Վերստուգող հանձնաժողովը հետևում է Ընկերության կառավարման մարմինների որոշումների կատարումը, ստուգում է Ընկերության փաստաթղթերի համապատասխանությունը օրենքներին, այլ իրավական ակտերին և Ընկերության կանոնադրությանը:
Վերստուգող հանձնաժողովի գործունեության կարգը սահմանվում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից հաստատվող ներքին փաստաթղթերով՝ վերստուգող հանձնաժողովի կանոնակարգով:
Վերստուգող հանձնաժողովը իրականացնում է Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության տարեկան արդյունքների ստուգումը, ստուգում է Ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, ինչպես նաև լիազորված մարմնի պահանջով:
Վերստուգող հանձնաժողովը ստուգումների արդյունքները ուղարկում է Ըկերության ընդհանուր ժողով: Վերստուգող հանձնաժողովն ըստ տարեկան հաշվետվության և հաշվեկշռի կազմում է եզրակացություն: Առանց այդ եզրակացության Ընկերության հաշվեկշիռը ենթակա չէ հաստատման ընդհանուր ժողովի կողմից:
Վերստուգող հանձնաժողովն իրավունք ունի պահանջել Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարում:
Վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) պահանջով նրան պետք է ներկայացվեն Ընկերության, դրա առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, նյութերը և բացատրությունները:
Վերստուգող հանձնաժողովի անդամները (վերստուգող) ընտրվում են Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից 3 տարի ժամկետով:
Վերստուգող հանձնաժողովի անդամները (վերստուգող) հաշվետու են Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին:
Վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) վարձատրության կամ վճարվող փոխհատուցման չափերը և պայմանները սահմանվում են Ընկերության բաժնետերերի Ընդհանուր ժողովի որոշմամբ:
Վերստուգող հանձնաժողովի անդամ (վերստուգողը) կարող են լինել Ընկերության կառավարման մարմիններում չընդգրկված, բաժնետիրոջ կամ հիմնադրի կողմից լիազորված ֆիզիկական անձինք:
Վերստուգող հանձնաժողովի նախագահն ընտրվում է վերստուգող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
9.2 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ վերստուգիչ հանձնաժողովի իրավասությունները կարող են դրվել վերստուգողի վրա:
9.3 Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգման նպատակով Ընկերությունը կարող է ներգրավել Ընկերության կամ Լիազորված մարմնի հետ գույքային շահերով չկապված աուդիտորի (կազմակերպություն կամ ֆիզիկական անձ): Ընկերության աուդիտն իրականացնող անձն Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգման արդյունքում ներկայացնում է գրավոր եզրակացություն:
Ընկերության աուդիտն իրականացնող անձը հաստատվում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից: Ընկերության աուդիտն իրականացնող անձի հետ պայմանագիրը կնքվում է Ընկերության տնօրենի կողմից, իսկ աուդիտն իրականացնող անձի ծառայությունների համար վճարող գումարի չափը՝ որոշվում է բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից:
9.4. Ընկերության ֆինանսական և տնտեսական գործունեության ստուգումը կարող է իրականացվել նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսական և այլ լիազորված մարմինների, հսկողական ծառայությունների կողմից՝ իրենց իրավասությանսահմաններում:

10. Ընկերության կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելը

10.1 Ընկերության կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելը, ինչպես նաև Ընկերության նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատելը տեղի է ունենում Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, որն ընդունվում է ժողովին մասնակցած քվեարկող բաժնետերերի ձայների ¾-ով, իսկ կանոնադրական կապիտալի չափի մեծացման հետ կապված դեպքերում՝ ձայների մեծամասնությամբ:
10.2 Ընկերության կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները և լրացումները, ինչպես նաև Ընկերության նոր խմբագրությամբ կանոնադրությունը երրորդ անձանց համար ուժի մեջ են մտնում դրանց պետական գրանցման պահից, իսկ սույն կանոնադրությամբ սահմանված դեպքերում՝ պետական գրանցումն իրականացնող մարմնին ծանուցելու պահից: Սակայն Ընկերությունը և նրա բաժնետերերը նման փոփոխությունները հաշվի առած երրորդ անձանց հետ ունեցած հարաբերություններում իրավունք չունեն վկայակոչել այդ փոփոխությունների գրանցման բացակայությունը:

11. Ընկերության վերակազմակերպումը և լուծարումը

11.1 Ընկերությունը բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, կարող է կամովին վերակազմակերպվել կամ լուծարվել:
Եթե լուծարվող ընկերության գույքի արժեքն անբավարար է պարտատերերի պահանջները բավարարելու համար, ապա այն կարող է լուծարվել միայն սնանկության հետևանքով:
Ընկերության վերակազմակերպման և լուծարման այլ հիմքերը, ինչպես նաև նրա վերակազմակերպման ու լուծարման կարգը սահմանվում են Օրենսգրքով, Օրենքով և այլ օրենքներով:
11.2. Ընկերության լուծարումը հանգեցնում է Ընկերության դադարմանը առանց Ընկերության իրավունքների և պարտականությունների իրավահաջորդության կարգով այլ անձանց փոխանցման:
Ընկերության լուծարման և լուծարային հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը կայացնում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը՝ քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների ոչ պակաս, քան 2/3-ով:
Լուծարային հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկվեն լիազորված մարմնի ներկայացուցիչներ:
Լուծարման հանձնաժողով կազմելու պահից նրան են անցնում Ընկերության գործերի կառավարման բոլոր լիազորությունները: Լուծարվող Ընկերության անունից դատարանում հանդես է գալիս լուծարման հանձնաժողովը:
Նախքան լուծարման մասին որոշում ընդունելը Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը պետք է հաստատի տնօրենի կողմից ներկայացված ամփոփիչ հաշվեկշիռը ու Ընկերության լուծարման նախագիծը:
Ընկերության լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները (այդ թվում՝ լուծարման հանձնաժողովի կազմը) ենթական են գրանցման իրավաբանական անձանց պետական գրանցամատյաններում:
Լուծարումն իրականացվում է Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
11.3 Ընկերությունը, բացառությամբ այլ իրավաբանական անձի միացման ձևով վերակազմակերպման դեպքի, վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված իրավաբանական անձանց պետական գրանցման պահից:
Ընկերությունն այլ իրավաբանական անձի հետ միացման ձևով վերակազմակերպվելիս, նրանք վերակազմակերպված են համարվում միացող Ընկերության գործունեությունը դադարելու վերաբերյալ իրավաբանական անձանց պետական գրանցամատյաններում գրառման պահից:
11.4 Ընկերության լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գոյությունը՝ դադարած այդ մասին իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում համապատասխան գրանցում կատարելու պահից, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

 


Имя*
Ваш e-mail адрес*
E-mail получателя*