Հոգեկան Առողջության Համաշխարհային Օր 2017 թ.
Հոգեկան Առողջությունը Աշխատանքի Վայրում
Հոգեկան առողջությունը մարդու անօտարելի և անփոխանցելի ոչ նյութական բարիք է, որը ներառում է շրջակա միջավայրի համապատասխան ընկալումը, սեփական ներուժը գիտակցելու, կյանքի սթրեսային վիճակները հաղթահարելու, արդյունավետ աշխատելու, ինչպես նաև, հասարակական կյանքում սեփական ներդրումն ունենալու կարողությունը, որոշումներ կայացնելու և իրագործելու ունակությունը, կայուն հուզականության դրսևորումը և պահպանումը:
Հոգեկան խանգարումներ կարող է ունենալ ցանկացած մարդ` անկախ տարիքից, սեռից, սոցիալ տնտեսական կարգավիճակից, հասարակությունում զբաղեցրած դիրքից: Այդ պատճառով կարևոր է տվյալ երևույթի վերաբերյալ հասարակության բոլոր շերտերի ճիշտ իրազեկվածությունը և, հենց այդ նպատակով, 1992թ-ից Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության /ԱՀԿ/ աջակցությամբ յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 10-ը նշվում է որպես հոգեկան առողջության համաշխարհային օր: Օրվա խորհուրդն է հանրության, կառավարության, կազմակերպությունների և անհատների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել հոգեկան առողջության խնդիրներին, ընդհանուր նպատակն է հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկման բարձրացումը և հոգեկան առողջության պահպանմանն ուղղված ջանքերի մոբիլիզացումը:
Այս տարի հոգեկան առողջության համաշխարհային օրվա թեման հոգեկան առողջությունն է աշխատանքի վայրում։
Հասուն կյանքի ընթացքում, մենք ժամանակի մեծ մասն անցկացնում ենք աշխատանքի վայրում: Աշխատանքային մթնոլորտը մեր ընդհանուր բարեկեցության կարևորագույն գործոններից մեկն է, ուստի, առողջ աշխատանքային միջավայր ապահովելու կարևոր տարրերից է մարդու աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, որոնք հստակ ձևակերպված են ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և ՀՀ Սահմանադրությունում:
Նշանակալի է նաև հետևյալ ոլորտին առնչվող օրենքների, ռազմավարությունների և քաղաքականության զարգացումը` հաշվի առնելով, որ բնակչության հոգեկան առողջության պահպանումը հանդիսանում է միջգերատեսչական խնդիր:
Դեպրեսիան և տագնապային խանգարումները տարածված հոգեկան խնդիրներ են, որոնք ազդում են աշխատունակության վրա: Ըստ ԱՀԿ-ն վերջին տվյալների` աշխարհում ավելի քան 300 մլն մարդ տառապում է դեպրեսիայով, իսկ ավելի քան 260 մլն մարդ` տագնապային խանգարումներով, որոնք հաշմանդամության առաջատար պատճառներից են: ԱՀԿ-ն վերջին ուսումնասիրությունների համաձայն, դեպրեսիան և տագնապային խանգարումները գլոբալ տնտեսությանը տարեկան մոտ 1 տրիլիոն ԱՄՆ դոլարի արժեքի վնաս են հասցնում՝ աշխատունակության անկման պատճառով:
2017թ դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կա 51167 հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդ, որոնցից 3826-ը` դեպրեսիվ տագնապային խառը խանգարումներով:
Աշխատավայրում, հոգեկան առողջության զարգացմանը նպաստելու համար, ԱՀԿ-ն սահմանում է որոշակի սկզբունքներ, նպատակներ և ռազմավարություններ: Դրանցից են`
· հոգեկան առողջության սոցիալական դետերմինանտների ուսումնասիրությունը, ինչպիսիք են` կենսամակարդակը և աշխատանքային պայմանները
· հիվանդությունների և հոգեկան խանգարումների կանխարգելմանը և առողջության պահպանմանն ուղղված միջոցառումները
· խտրականության և խարանավորման նվազեցմանն ուղղված գործողությունները
· ապացուցողական բժշկության վրա հիմնված առողջապահական ծառայությունների մատչելիության բարձրացումը
Վերը նշված միջոցառումների իրականացումն ունի կարևորագուն նշանակություն նաև տնտեսագիտական առումով` ԱՀԿ վերջին հետազոտության համաձայն, յուրաքանչյուր 1 ԱՄՆ դոլար, որն ուղղվում է հոգեկան առողջության բարելավմանն ու հոգեկան խնդիրների բուժմանն, ունենում է 4 ԱՄՆ դոլարի վերադարձ` բարելավված առողջության և վերականգնված աշխատունակության հաշվին:
Հոգեկան առողջության խնդիրները մշտապես գտնվում են ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում` պետական պատվերի շրջանակներում է իրականացվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արտահիվանդանոցային և հիվանդանոցային պայմաններում բուժում և սպասարկում։ ՀՀ առողջապահության նախարարությունը կարևորում է նաև հոգեկան առողջության խնդիրների կանխարգելումը` առաջնային, երկրորդային և երրորդային մակարդակներում:
Ներկայում առողջապահության նախարարության կողմից կատարվում են ոլորտի բարելավմանն ուղղված մի շարք միջոցառումներ, մասնավորապես`
· ՀՀ-ում հոգեբուժական ծառայություն մատուցող հաստատությունների օպտիմալացում, որի արդյունքում կիրականացվի ֆինանսական միջոցների էլ ավելի արդյունավետ կառավարում
· Ոլորտը կարգավորող իրավական դաշտի ուսումնասիրություն, վերլուծություն և փոփոխությունների փաթեթի պատրաստում
· Ուղեցույցների և գործելակարգերի մշակում և ներդրում
Վերը նշվածը միջոցառումները կնպաստեն հոգեկան առողջության պահպանմանը՝ մատուցվող հոգեբուժական օգնության և սպասարկման ծառայության որակի բարձրացմանը:
Имя* | |
Ваш e-mail адрес* | |
E-mail получателя* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Оставить комментарий или задать вопрос автору статьи может только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться